BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայաստանում տոն է, Փարիզում աշխատանքային օր՝ նաև կանանց համար

Հայաստանում տոն է, Փարիզում աշխատանքային օր՝ նաև կանանց համար
08.03.2017 | 20:13

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովի նիստին, խնդրեցի նրան մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվում նիստում:


-Մարտի 8-ը Ֆրանսիայում աշխատանքային օր է և ես մասնակցում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ աշխատանքը շարունակական է, տոն կամ ազատ օրեր չեն ենթադրվում, կան կարևոր հարցեր: ՈՒզում եմ նախ և առաջ շնորհավորել բոլոր հայ կանանց տոնը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և ցանկանալ երջանկություն, առողջություն, հաջողություններ ամեն ինչում ու ամեն տեղ՝ ընտանիքում, աշխատանքում, գոհունակություն և բավարարվածություն հանրային կյանքում, պաշտպանվածություն մեզ և մեր ընտանիքներին, մեր երկրին և մեր սահմանններին: Տոնը, իհարկե, մերն է, բայց ոչ մի տոն տոն չէ առանց հարազատների ու մտերիմների երջանկության, ուստի ուզում եմ հատկապես շնորհավորել այն կանանց, ում հարազատները հիմա բանակում են ու պաշտպանում են մեր սահմանները: Վստահ եմ, որ տեղյակ եք՝ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքները բաց չեն, հանձնաժողովը քննարկված հարցերը գաղտնազերծելու որոշումներ է կայացնում, որից հետո միայն կարող ենք ներկայացնել հանրությանը քննարկվող հարցերը: Հիմա կարող եմ միայն ասել, որ օրակարգում կարևոր հարցեր կան, որոնց քննարկումը շատ դինամիկ է ընթանում՝ Թուրքիայում հետմոնիտորինգային երկխոսության հարցը, Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողների երկիր կատարած փաստահավաք առաքելության տեղեկատվության քննարկումը, Հունաստանին, Մոլդովային, Չեռնոգորիային վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ միայն թվարկումից պարզ է, թե քննարկվող խնդիրները որքան կարևոր են: Հատկապես Թուրքիայի հետ կապված իրադարձությունների քննարկումը: ԵԽԽՎ-ում արդեն մի քանի անգամ նման քննարկումներ եղել են, որոնց ընթացքում մենք բարձրացրել ենք Թուրքիայի առնչությամբ մոնիտորինգի գործընթացի վերաբացման հարցը: Այսօր զեկուցողները իրենց զեկույցում ևս նման հարց են բարձրացնում և անհրաժեշտ է, որ լինեն ուժեր, որ կաջակցեն գործընթացին:

-Հայաստանում նախընտրական քարոզչությունը սկսվել է, ԱԺ պատվիրակության անդամները մասնակցո՞ւմ են նիստերին, թե՞ Հայաստանի շահերի պաշտպանությունից գերադասել են կուսակցական քարոզչությունը:
-Ոչ բոլորը: Իհարկե, հիմա Հայաստանում յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կարևոր քաղաքական իրադարձությունների ժամանակն է և հասկանալի է կերտրոնացվածությունը դրանց վրա, բայց, կարծում եմ` Դուք էլ կհամաձայնեք, որ պատգամավոր ընտրված քաղաքական գործիչները պատասխանատու են ոչ միայն իրենց կուսակցական խնդիրների համար, այլև պետական և ազգային հարցերի մեջ կարևոր դերակատարություն են ստանձնում և պատասխանատու են այդ հարցերի քննարկման համար: Հատկապես երբ մասնակցում են խորհրդարանական դիվանագիտության կամ այլ աշխատանքային ձևաչափերին, պիտի կարողանան համատեղելու ձևերը գտնել: Այո, մեր հակառակորդները, ունենալով թվային առավելություն և ստեղծելով լոբբիստական ցանց, որի մասին աշխարհն է խոսում, օգտագործում են յուրաքանչյուր առիթն ու պահը, հատկապես մեր բացակայության դեպքում աշխատում են հնարավոր և անհնար բոլոր ձևերով, արժեք ունեցող կամ երբեմն իրենց ոչինչ չտվող դրվագներ հավելել ու անցկացնել, հետագայում փորձելով օգտագործել քարոզչական պատերազմում: Մենք ունեցել ենք նման դեպքեր, որոնք հետագայում չեզոքացնելու համար կարիք է լինում հսկայական ուժեր կենտրոնացնել: Ապրիլյան լիագումարից առաջ հանձնաժողովների նիստերին մասնակցությունը կարևորելով, ես պատվիրակության անդամներին դիմել եմ նամակներով՝ հիշեցնելով նիստերի մասին, բայց հիմա դեռևս միայն Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը և ես ենք մասնակցում նիստերին:
-Դուք աշխատում եք, իսկ Հայաստանում տոն է, այնուամենայնիվ, Ձեր գնահատականով՝ կանանց վիճակում կա՞ փոփոխություն:
-Կարծում եմ՝ կա, վերջին տարիներին մենք մշակել և իրականացրել ենք կանանց վիճակի բարելավման ծրագրեր՝ տարբեր տեսանկյուններից հարցին մոտենալով: Քայլեր են արվում և կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու, և սոցիալական վիճակը բարելավելու, մայրության, ընտանիքի, կրթության, առողջապահության և այլ ոլորտների հարցերի լուծման ուղղությամբ: Սահմանադրական փոփոխությունները իրագործելով` մենք, վստահ եմ, ևս քայլեր ենք իրականացնելու կանանց դերը մեր երկրում ընդլայնելու և իրողությունները փոխելու, որ հայ կինը հասարակության մեջ և ընտանիքում ունենա իրեն արժանի տեղը և ապրի արժանի պայմաններում: Հիմա էլ մեր ծրագրերի թիրախում հայ մարդն է, հայ կինը, բոլորիս կյանքի բարելավումը և այդ խնդրի լուծման համար ՀՀԿ-ն պիտի վստահության քվե ստանա ժողովրդից: ՈՒստի կոչ եմ անում՝ քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի: ՈՒզում եմ ոչ միայն հիշեցնել՝ ինչ արվել և արվում է մեր երկրում, այլև ընդգծել այն միտքը, որ արտահայտել է նախագահ Սերժ Սարգսյանը իր տոնական ուղերձում՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեք չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է
կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: «Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն
ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք
զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում»՝ ասել է ՀՀ նախագահը:
-Ինձ մնում է շնորհավորել Ձեր տոնական, բայց աշխատանքային օրը և մաղթել, որ կատարվեն Ձեր երազանքները՝ նախընտրական ու հետընտրական, հաշվի առնելով, որ Հայաստանում հիմա համարյա ամեն ինչ պտտվում է ընտրությունների շուրջբոլորը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ